Մայիսյան 13-րդ հավաք

Այս տարի Մայիսյան 13-րդ հավաքի իմ առաջին նախագիծը եղավ «Հայ ժամանակակից գրողներ»։ Նախագծի ընթացքում կարդացինք Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքներից, քննարկեցինք, վերլուծեցինք, տեղադրեցինք մեր բլոգներում և մայիսի 15-ին կլոր սեղան ունեցանք ավագ դպրոցի ընթերցասրահում։ Հանդիպմանը մասնակցեցին հայոց լեզվի այլ ուսուցիչներ, սովորողներ։ Քննարկման ընթացքում մենք ներկայացրեցինք մեր պատմվածքները, կարծիքները և հարց ու պատասխանի տեսքով ամփոփեցինք քննարկումը։ Քննարկումն անցավ արդյունավետ։ Ահա իմ նյութը՝ «Երկվորյակների արևը»։ Մայիսի 16-ին նույնպես մասնակցեցինք քննարկման, բայց այս անգամ թեման «Ճամփորդությունը՝ սովորողի անընդհատ զարգացման գործիք» էր։ Քննարկման ընթացքում բոլորը ներկայացրեցին իրենց կարծիքները ճամփորդության մասին։ Գրեթե բոլորը` նաև ես համաձայն էին այն մտքին, որ ճամփորդության ընթացքում սովորողը զարգանում է, փոխում է իր աշխարհայացքը, շատ ընկերներ ձեռք բերում և ծանոթանում շատ մարդկանց հետ։ Մայիսի 17-ին «Երևան 2800» նախագծի ընթացքում փոքր խմբով գնացինք Աջափնյակ համայնք և այցելեցինք տարբեր դպրոցներ, տեսանք այդ շրջանի կանաչապատ տարածքները և արձանները։ Այցելեցինք 5-6 դպրոց, բոլոր դպրոցներում մեզ ջերմ ընդունեցին, միայն մի դպրոցում թույլ չտվեցին։ Այդ օրը ես ևս մեկ անգամ հասկացա, որ մեր դպրոցից լավը չկա։ Մայիսի 18-ին «Կրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում Գյումրիից մի մեծ խումբ սովորողներ իրենց ուսուցչի հետ եկան մեր դպրոց։ Մենք դիմավորեցինք նրանց, շրջեցինք դպրոցով՝ դասասենյակներով, լաբարատորիաներով, մարզական ակումբներով։ Այնուհետև մասնակցեցինք Հայ֊վրացական տոնախմբությանը, այցելեցինք Արևելյան դպրոց։ Եվ իհարկե վերջում մասնակցեցինք մեդիաուրբաթին։ Եվ մայիսի 19-ին մեզ ամենահետաքրքիր և ուրախ տրամադրությունով լի օրն էր սպասվում։ «Ջանգյուլում կամ Համբարձման տոն» նախագծի ընթացքում մի խումբ սովորողներով տիկին Ելենայի ուղեկցությամբ ճանապարհ ընկանք դեպի Ծաղկեվանք։ Ուրախ տրամադրությամբ հասանք և սկսեցինք մեր քայլքը։ Պարելով, երգելով բարձրանում էինք և վերջապես հոգնած հասանք վանքը։ Վանքի ներսում պատարագ էր, այդքան ժանանակ չունեինք, որ ամբողջ ընթացքին մասնակցեինք, բայց ինչքան կարող էինք մասնակցեցինք։ Հետո Սուրբ Վառվառա կույսի արցունքներից ջուր վերցրեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու։ Շատ ծաղիկներ հավաքեցինք, նկարվեցինք այդ գեղեցիկ վայրում և շարժվեցինք Կարբիի ձոր։ Այնտեղ Քասախ ձորի ափին նստեցինք հանգստացանք, երգեցինք։ Մեզ սպասում էր Մուղնիի եկեղեցին։ Շտապեցինք եկեղեցի, բակում խաղեր խաղացինք և քանի որ արդեն ուշ էր վերադարձանք Երևան։ Այսքանը այս տարվա իմ Մայիսյան 13-րդ հավաքի մասին։

Թողնել մեկնաբանություն